
2018թ-ի ամռանը Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն էր ընդունվել 6 տարեկան աղջիկ՝ թերսնված, ում քաշը կազմում էր ընդամենը 10 կգ:
Երեխան ուղղորդվել էր Մուրացան հիվանդանոցի մանկական բաժանմունքից, որտեղ միզասեռական օրգանների բորբոքման կապակցությամբ ստանում էր համապատասխան բուժում:
Ակնաբուժական հետազոտությունների արդյունքում հայտնաբերվեց երկու աչքերի եղջրաթաղանթների կենտրոնական պերֆորմացիա: Աչքերի ճնշումը ստուգելիս՝ ակնագնդերը փափուկ էին, ինչը նշանակում է՝ ներակնային ճնշումը ցածր էր:
Երեխան բացարձակապես չէր շփվում, միակ ռեակցիան՝ բարձրաձայն լացն էր: Մայրիկին ճանաչում էր ձեռքերով՝ շոշափելով նրա դեմքը, շուրթերը, փորձելով գտնել իրեն հարազատ դիմագծերը:
Շնորհիվ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մանկական բաժանմունքի վարիչ Ռուզաննա Հարությունյանի՝ երեխան վիրահատվել է և նաև ստացել դեղորայքային բուժում, ինչը հնարավորություն է տվել նրան տեսնել մայրիկին, քայլել, ճիշտ կողմնորոշվել տարածության մեջ և ամենակարևորը ամեն նոր օր դիմավորել ժպիտով: