Ս.Վ. Մալայանի անվ. ակնաբուժական կենտրոնի կարեւորված մասնակցությունը նվիրված ակնաբուժությանը, նեոնատոլոգիային եւ ներզատաբանությանը:

Կայացավ Հայկական ակնաբուժության նախագծի և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 16-րդ միջազգային համաժողովը

Երևանում կայացավ ակնաբուժությանը, նեոնատոլոգիային և ներզատաբանությանը նվիրված Հայկական ակնաբուժության նախագծի և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 16-րդ միջազգային համաժողովը: Համաժողովը գիտելիքի և փորձի փոխանակման, առողջապահության համակարգի բարելավման նորարարական մոտեցումները ներկայացնելու հարթակ էր, որտեղ վեց երկրից ավելի քան 60 խոսնակ և շուրջ տասը երկրի 400 մասնագետ էր համախմբվել (ԱՄՆ, Եվրոպա, ԱՊՀ երկրներ, Կովկասյան տարածաշրջան, Կենտրոնական Ասիա և Միջին Արևելք և այլն):

Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի Էքսիմեր-լազերային վիրաբուժության և ախտորոշման բաժանմունքի վարիչ, ԵՊԲՀ ակնաբուժության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Ելենա Մալայան.

- Իմ ելույթում անդրադարձել եմ կեռատոկոնուսին վերաբերող խնդիրներին, ինչը շատ տարածված է Հայաստանում: Կեռատոկոնուսը համարում են հին ազգերին բնորոշ հիվանդություն, և ունի գենետիկ հիմք: 97% դեպքերում հիվանդությունը հնարավոր է կանխարգել այն փուլում, որ փուլում հայտնաբերվել է:

Բարեբախտաբար, վերջին տարիների նկատելի է, որ մարդիկ առավել ուշադիր են դարձել իրենց առողջության հանդեպ, հատկապես երիտասարդ սերունդը, ինչն անմիջական կապ ունի կյանքի որակի լավացման հետ, կարծում եմ: Սա շատ ողջունելի է:

Կան հիվանդություններ, որոնք աննկատ են զարգանում, քողարկված, ու միայն բժիշկը կարող է հայտնաբերել առկա խնդիրն ու ժամանակին լուծել այն: Խոսքը քրոնիկ հիվանդություններին է վերաբերում: Ցավոք, հանդիպում ենք նաև անտեսված դեպքերի, որոնց պարագայում, անշուշտ, կան լուծման տարբերակներ, սակայն արդեն վիրահատական ճանապարհով:

Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) Աչքի շարժական հիվանդանոցի գլխավոր վիրաբույժ, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի ակնաբույժ Ասատուր Հովսեփյան.

- Բժիշկների ակտիվ մասնակցություն եմ նկատում, և դա հաճելի է: Նրանց ակտիվ մասնակցության պատճառը փորձի փոխանակումն է, հետաքրքիր դեպքերի քննարկումը: Այդ նպատակին միտված, իմ զեկույցի ընթացքում ներկայացրել եմ կլինիկական հետաքրքիր դեպք, որի բուժման գործընթացում կիրառված մեթոդի հեղինակն եմ: Պացիենտն աչքը վնասվել էր ակացիայի ճյուղով, և արդյունքում վնասել եղջերաթաղանթն ու ոսպնյակը: Իմ կողմից առաջարկված մեթոդի շնորհիվ խուսափեցինք կրկնակի վիրահատական միջամտություններից, և նրանցից բխող բարդություններից: Արդյունքում սպիացման գործընթացը տեղի ունեցավ բնական ճանապարհով, և հաջողվեց պացիենտի տեսողությունը վերականգնել 60 տոկոսով:

Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տեսողական օրգանի պլաստիկայի և նյարդա-ակնաբուժական բաժանմունքի վարիչ, բ.գ.թ. Արմինե Ղարաքեշիշյան.

- Բարձր եմ գնահատում նման միջոցառումների կազմակերպումը: Այս միջոցառումն իր բնույթով գիտական են, ներկայացված թեմաները հիմնականում վերաբերում էին նորագույն գիտական նվաճումներին: Համաժողովի շրջանակում բազմաբնույթ տեղեկատվություն ստացան ներկա մասնագետները: Նման գիտական կոնֆերանսներին մասնակցությունը հնարավորություն է' տեղեկանալ ակնաբուժության տարբեր ոլորտների նորույթներին:

Իմ զեկույցը վերաբերում էր անկաբուժության կարևոր խնդրի: Պացիենտն, ով կորցնում է աչքը, դժվար հաղթահարելի կուրության հետ մեկտեղ, ունենում է լուրջ հոգեբանական` էսթետիկ խնդիր, հասարակության մեջ' սոցիալական խնդիր: Հենց այս խնդրին եմ անդրադարձել իմ ելույթի ժամանակ' ինչպե՞ս վերականգնել պացիենտի կոսմետիկ տեսքը:

Ներկայացրել եմ պացիենտների օրինակներ' ինժեներներ, իրավաբաններ, ովքեր կյանքում բախվել են այս խնդրին, իսկ աշխատանքի բնույթից ելնելով, նրանք պետք է չունենան թերարժեքության խնդիրներ:
 

26.12.2018