Կատարակտի վիրահատություն

Կատարակտի վիրահատություն ֆակոէմուլսիֆիկացիոն մեթոդով

Լիարժեք տեսողության առկայության համար անհրաժեշտ պայմաններից մեկը թափանցիկ ոսպնյակի առկայությունն է: Ոսպնյակը կյանքի ընթացքում կարող է պղտորվել տարբեր պատճառներով՝ տարիք, աչքի խոռոչի բորբոքում, ճառագայթում, աչքի վնասվածք և այլն, որն էլ իրենից ներկայացնում է կատարակտ հիվանդությունը: Կատարակտի բուժման հիմնական, ռադիկալ մեթոդը վիրահատական միջամտությամբ պղտորված ոսպնյակի հեռացումն է և փոխարինումը արհեստական ներակնային ոսպնյակներով (լինզաներով): Կան կատարակտի վիրահատման մի քանի եղանակներ, որոնցից նորագույնն է համարվում կատարակտի ֆակոէմուլսիֆիկացիան: Ֆակոէմուլսիֆիկացիան ուլտրաձայնային վիրահատություն է՝ շատ փոքր կտրվածքով ոսպնյակի հեռացմամբ և ներակնային արհեստական ոսպնյակի տեղադրմամբ: Հայաստանում առաջին անգամ կատարակտայի ֆակոէմուլսիֆիկացիոն մեթոդով վիրահատությունը կատարել է պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը ՀՀ ԱՆ Հանրապետական ակնաբուժական կենտրոնում, (այժմ Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն) 1986 թվականին: Այժմ այն համարվում է ամենաանվտանգ, արագատև՝ 5-10ր, հետվիրահատական նվազագույն բարդություններով ուղեկցվող վիրահատություններից մեկը: Այս մեթոդի առավելությունը համեմատած հին՝ մեծ կտրվածքով կատարվող մեթոդի հետ, կայանում է նրանում, որ կար չի դրվում, ուստի կարային աստիգմատիզմ չի առաջանում և տեսողությունը լինում է լիարժեք հաջորդ օրվանից: Հետվիրահատական շրջանում հիվանդները սովորաբար կաթեցնում են 3-4 շաբաթ տևողությամբ կաթիլներ և վարում ակտիվ կենսակերպ առանց սահմանափակումների: Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում վերջին երեք տարվա ընթացքում ներդրվել է կատարակտի ֆակաէմուլսիֆիկացիան իրականացնող լավագույն տեխնիկական սարքավորումներ (Infiniti Alcon) և ներակնային ոսպնյակներ:

Մանկական բաժանմունքում բարձր տեսողական ելքով կատարվում են վիրահատություններ բնածին և ձեռքբերովի կատարակտի /ոսպնյակի պղտորում/ կապակցությամբ: Վիրահատությունը կատարվում է 4 ամսական հասակից, երբ հնարավոր է լինում երեխային քնեցնել ընդհանուր անզգայացմամբ: Այդ հասակում կատարվում է պղտոր ոսպնյակային մասսաների հեռացում՝ առանց արհեստական ոսպնյակի իմպլանտացիայի:

1 տարեկան հասակում ոսպնյակի հեռացումն ուղեկցվում է միաժամանակյա արհեստական ոսպնյակի տեղադրմամբ: Տեղադրվող ոսպնյակը չի փոխվում ողջ կյանքի ընթացքում:

Վիրահատությունը կատարվում է գերժամանակակից սարքավորումներով. կատարակտի ֆակոէմուլսիֆիկացիա, ոսպնյակային մասսաների իրիգացիա-ասպիրացիա: Տեղադրվում են հիմնականում փափուկ արհեստական ոսպնյակներ, երբեմն անհրաժեշտ է լինում կոշտ ոսպնյակի տեղադրման անհրաժեշտություն: Ոսպնյակի ընտրությունը խիստ անհատական է, յուրաքանչյուր աչքին համապատասխան: Վիրահատական կտրվածքը կատարվում է շատ փոքր, վիրահատությունն ավարտվում է առանց կարի: Նպատակը աչքի արտաքին հյուսվածքների թափանցիկությունը և հայելայնությունը ապահովելն է: Կատարակտի կապակցությամբ հիվանդին վիրահատում են որքան հնարավոր է վաղ, որպեսզի զարգացնենք տեսողությունը վիրահատված աչքում՝ այսպիսով խուսափելով մի ախտորոշումից, որը կոչվում է ամբլիոպիա /աչքի ծուլություն/: